Ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ՝ Երեւանում հասնելով մինչև… Գ.Սուրենյան

Մարտի 4-ից դեպի Հայաստան սկսված տաք օդային հոսանքների ներհոսքը շարունակվում է, ինչի հետեւանքով Արարատյան դաշտում եւ Երեւանում արդեն իսկ կլիման վերադարձել է նորմալ ռեժիմի: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ վստահեցնելով, որ առկա ամպամածությունը առաջիկա ժամերից կնոսրանա:

«Մարտի 4-ին մեր տարածաշրջանի վրայով անցած ցիկլոնն ամբողջությամբ վերացրեց Արարատյան դաշտում եւ Երեւանում լճացած սառը օդը, ինչի արդյունքում երեկ օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացավ՝ Արարատյան դաշտում եւ Երեւանում հասնելով +10 +11 աստիճանի: Ներկա պահին մենք գտնվում ենք հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, մինչեւ մարտի 10-ը ներառյալ տաք օդի ներհոսքը շարունակվելու է, առաջիկա 4 օրերին հանրապետությունում կգերակշռի արեւառատ եւ առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում եւ Երեւանում ցերեկը կլինի +10+12 աստիճան, գիշերը՝ 0-ին մոտ, իսկ Տավուշի եւ Սյունիքի հովիտներում կհասնի մինչեւ +18-ի»,- տեղեկացրեց օդերեւութաբանը:

Վերջինիս խոսքով՝ վերջին շրջանում Արարատյան դաշտում կլիմայի շեղումը խանգարում էր նույնիսկ կանխատեսումներ անելիս.

«Շատ դժվար էր կլիմայի այդ խախտված վիճակում կանխատեսում անել, քանի որ Արարատյան դաշտի գոգավորությունը վերջին շրջանում կարծես կտրված լիներ մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից, ոչ մի երեւույթի, պրոցեսի չէր արձագանքում: Կարծես մի կղզյակ  լիներ, որը դուրս է ամբողջ աշխարհի օդային հոսանքների շրջանառությունից: Ինչպես գիտեք, մենք կանխատեսումներ անելիս առաջնորդվում ենք պրոցեսներով՝ ցիկլոններով, անտիցիկլոններով, մթնոլորտային ճակատներով, տաք եւ սառը օդային հոսանքներով, ինչն այս պարագայում անհնար էր: Ինչեւէ, արդեն օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է եւ նույնիսկ դրական շեղում կա (1-ից 2 աստիճանով կլիմայական նորմայից բարձր է): Սա կնպաստի, որ մենք աշխատենք եւ ապրենք բնականոն կյանքով»,- հույս հայտնեց Սուրենյանը:

Խոսելով մարտի 5-ի գիշերը մարզերում տեղացած ձյան մասին՝ նա ընդգծեց, որ Վարդենիսի հատվածում մինչեւ 20 սանտիմետր ձյուն է տեղացել ամսի 5-ի գիշերը: Չնայած սրան՝ Սուրենյանը վստահեցրեց, որ տեղումները չեն շարունակվի մինչեւ ամսի 10-ը: Ինչ վերաբերում է ամբողջ մարտ ամսվան՝ նախնական կանխատեսումներով տեղումները նորմայի սահմաններում են լինելու կամ փոքր-ինչ շատ:

Հանրապետությունում առկա ձյան հալքի հետ միասին տեղումներն արդյո՞ք կարող են հեղեղումների պատճառ դառնալ. այս հարցին ի պատասխան Սուրենյանը կրկին հիշեցրեց, որ հեղեղումների համար մի քանի պայման է անհրաժեշտ, այդ թվում ջերմաստիճանի կտրուկ բարձրացում եւ ահռելի ձյան շերտ, ինչն այս պահին առկա չէ:

«Աշխարհում ինչ-որ տեղ ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց ենթադրություն անելը դժվար է, քանի որ այս պահին չկա ջերմաստիճանի թռիչքաձեւ բարձրացում եւ չկան շատ մեծ քանակությամբ տեղումներ: Դա ընդամենը տպավորություն է, որ ձյունը շատ էր այս տարի: Այս տարի 30 սանտիմետր էր Երեւանում ձյան շերտի բարձրությունը: Տարի ենք ունեցել 80-90 սանտիմետր ձյան ծածկ է եղել: Խոսքն, օրինակ, 2003 թվականի մասին էր, երբ մինչեւ 80 սմ ձնածածկույթ ենք ունեցել, բայց հեղեղում չի եղել: Այս տարի ջերմաստիճանի ցածր լինելու պատճառով 90 օր ձնածածկը պահպանվեց, հալք չեղավ, դրանից է տպավորությունը, որ ահռելի քանակությամբ  ձյուն կա, որը կարող է հեղեղել մեր քաղաքը»,- նկատեց օդերեւութաբանության կենտրոնի պետը:

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *