«Իմ և մայրիկիս հանդիպումն այնքան հուզիչ էր, որ չգիտեր՝ ինձ գրկեր, թե որդուս». երգչուհի Լիլուի առաջին հարցազրույցը ԱՄՆ-ից

EXCLUSIVE

Երբ դեռ անցյալ տարի երգչուհի Լիլուն իր Ինստագրամում նոր լուսանկար տեղադրեց ԱՄՆ-ից, շատերը սկսեցին հարցնել՝ արդյո՞ք երգչուհին մշտական բնակության է մեկնել: Հարցերը շատ էին, բայց երգչուհին լռում էր, փոխարենը շատանում էին ամերիկյան լուսանկարները: BlogNews.am-ի հետ զրույցում Լիլուն առաջին անգամ խոսում է ԱՄՆ տեղափոխվելու, նոր աշխատանքների և մայրիկի հետ հանդիպման մասին:

«Հայաստանը ես շատ եմ սիրում, իմ ծննդավայրն է, իմ տունն է: Ասեմ, որ ես մոտ 14 տարի մայրիկիս չեմ տեսել և շատ էի կարոտել էի նրան. նրան տեսնելու ցանկությունս մեծ էր: Հիմա եկել եմ մայրիկիս տեսնելու: Իմ և մայրիկիս հանդիպումը շատ զգացմունքային և ջերմ էր. նա այնքան էր շփոթվել, որ չգիտեր՝ ինձ գրկեր, թե որդուս: Երբ եկա, ադապտացվելու խնդիր չեմ ունեցել, քանի որ մայրիկս կողքիս էր, իմ հարազատները ևս այստեղ են: Իհարկե, շատ դժվար է քո երկրից, քո տնից հեռու գտնվելը: Ինձ համար ավելի կարևոր էր որդուս հարմարվելու հարցը, բայց նա փոքր է և շուտ ընտելացավ»:

Երգչուհին նշում է, որ գալու առաջին օրերին մասնակցել է հայկական քոլեջներից մեկի միջոցառմանը. «Ամիսներ շարունակ իմ «Հայաստանով» երգով երեխաներն անընդհատ համերգներ էին անում, և դպրոցի տնօրինությունը, իմանալով, որ այստեղ եմ, կապվեց ինձ հետ և ասաց, որ ուզում են մեծ ընդունելություն անել ինձ համար: Քոլեջի երեք հարյուր սաներն ինձ հրաշալի ընդունեցին։ Բացի դրանից՝ մի քանի խնջույքներ եղան, հետո՝ համերգ Ռեինկարնացիայի հետ միասին Սուրբ Վալենտինի օրվա հետ կապած: Իսկ հիմա աշխատում եմ իմ նոր երգերի վրա»:

Լիլուն ԱՄՆ-ում աշխատում է պրոդյուսերի հետ, չնայած խոստովանում է՝ դժվար է, հատկապես երբ կայացած ես և քեզանով արդեն ինչ-որ բանի հասել ես. «Շատ լավ առաջարկ եղավ, և մենք կարողացանք աշխատելու ճիշտ եզրեր գտնել: Միանշանակ, չեմ փոշմանում, և արդեն աշխատում ենք: Նոր աշխատանքս իմ ոճում է, բայց  փորձում եմ այստեղի լսարանին համահունչ աշխատանք անել: Վերջերս էլ նաև ֆոտոշարք եմ արել Կարեն Աղասյանի հետ: Նա այստեղ ճանաչված լուսանկարիչ է, համագործակցել է շատ հայտնիների հետ: Դիմահարդարումս արել է իմ շատ սիրելի Աշխեն Կոստանդյանը, ու դրա համար շատ ուրախ եմ: Այստեղ համագործակցություն ունեմ Սամի Ֆլաշի հետ, իմ երգերից մեկի հիման վրա պետք է ռեմիքս արվի: Մինչև սեպտեմբեր կներկայացնեմ երկու-երեք աշխատանք»:

Լիլուն նշում է, որ հիմա իր լռությունն ավելի շատ պայմանավորված է որդու հետ երկար ժամանակ անցկացնելու ցանկությամբ. «Ուզում եմ շատ ժամանակ նրա հետ անցկացնեմ, որպեսզի ոչ մի պահ բաց չթողնեմ: Իմ առօրյան իմ բալիկն է, օրս սկսվում է նրանով. մտածում եմ՝ ինչպես օրը կազմակերպեմ, որ նրա համար դառնա հեքիաթ:

Հիմա ես ինչքան էլ խոսեմ, չեմ կարող բացատրել, թե ինչ աստվածային զգացում է: Պետք է մայր դառնաս, որ հասկանաս: Իհարկե, բոլոր աղջիկները, ինչպես նաև ես, մտավախություն եմ ունեցել՝ ինչպես անեմ, որ որդուս համար լավ լինի: Որ օրվանից ես իմացել եմ նրա գոյության մասին, ես չեմ կարող նկարագրել՝ ինչ եմ զգացել: Դա գուցե պայմանավորված է նրանով, որ ես մենակ երեխա եմ եղել և երկար տարիներ մենակ եմ ապրել: Որդիս իմ կյանքի ամենակարևոր անձն է»:

Իսկ այն հարցին՝ արդյոք պատրաստվում է Ռոբին քույր կամ եղբայր պարգևել, Լիլուն նշեց. «Տա Աստված, իհարկե, ես երազում եմ ունենալ շատ բալիկներ, որ Ռոբը ունենա քույր, եղբայր: Բայց դեռ ուզում եմ՝ Ռոբը մի քիչ մեծանա: Հիմա իմ կյանքում նոր զգացողություն է, նոր կարևոր փուլ է, բայց ամենակարևորը՝ երջանիկ փուլ: Շատ մամաներ երազում են, որ մեծացնելու, հոգ տանելու պահը իրենք անեն, իսկ ինձ մոտ հիմա այնքանով է երջանիկ փուլ, որ ես տեսնում եմ նրա արած յուրաքանչյուր քայլը, թե ինչպես է մեծանում, թե ինչպես է նոր բառ ասում, նրա յուրաքանչյուր նոր բան տեսնում եմ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները տրամադրել է Լիլուն

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *